PicsArt-ը լուսանկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից։ Այն օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, այնուհետև ցանկության դեպքում հրապարակել դրանք։ Հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Mobile սարքերի համար։
Փետրվարի 11-ին ամերիկյան շուկայում Apple-ի ամենաշատ ներբեռնված հավելվածներից երկրորդը PicsArt-ն է եղել։ Ւնչպես նշում է «Ամերիկայի ձայնը», PicsArt-ը զիչել է միայն TikTok-ին (հավելված, որը թույլ է տալիս կարճ վիդեոհոլովակներ նկարել, կատարել ուղիղ եթերներ և հաղորդագրություններ փոխանակել)՝ առաջ անցնելով Facebook-ից, YouTube-ից, Instagram-ից և Snapchat-ից։
Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքերով՝ այդ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն PicsArt-ը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում։ «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին PicsArt-ը 14-րդ էր աշխարհում: Twitter-ը, Amazon-ը, Uber-ը գտնվում էին մեզնից ցածր դիրքերում։ Մեր հաջողությունների ճանապարհն անընդհատ փորձելն է, ինչ-որ բան ստանալը, դրանով սովորելն ու հաջորդ փուլին անցնելը։ Դրա համար ուղղակի պետք է չվախենալ և փորձել։ Ցանկացած մարդ կարող է դա անել։ Դա կապված չէ գումարի հետ, ուղղակի ցանկություն է և պետք է պատրաստ լինել նաև անհաջողությունների»-ասել է նա:
9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելեսում, ինչպես նաև 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:
Ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Forbes ամսագրի 2015 թվականի աշխարհի լավագույն՝ 5-րդ ստարտափ մրցանակը։ Forbes-ն իր անցյալ շաբաթ հրապարակած «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնո կենտրոն՝ Հայաստան» հոդվածում անդրադարձել էր նաև PicsArt ընկերությանը՝ այն համարելով հաջողված ստարտափ: